BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Պատասխան խաղերը սպառնում են վերածվելու ձևականության

Պատասխան խաղերը սպառնում են վերածվելու ձևականության
05.05.2017 | 12:19

Վերնագրում արտահայտված միտքը, չեմ վիճում, կատեգորիկ հնչողություն ունի, սակայն իր այդ որակի մեջ բնավ չի մերժում սպասվելիքի լարվածությունը: «Աթլետիկոն» կռիվ կտա մինչև վերջին շունչը, չի խնայի իրեն և «Մոնակոն», սակայն այս սպառման արդյունքը որքանո՞վ կենսաբեր կլինի նրանց համար, այ սա է հարցերի հարցը, որովհետև առաջին խաղերում շատ բան է անդարձի տրված: Եվ այսուհանդերձ մեզ բոլորովին էլ վատ չենք զգա, եթե ոչ երկու պատասխան հանդիպումը, գոնե դրանցից մեկը մեզ հակառակն ապացուցի:

«ՌԵԱԼ»-«ԱԹԼԵՏԻԿՈ»


Հանգամանքներն այնպես են դասավորվել, որ այս թիմերի վերջին տարիների մրցակցությունը դարձել է համաշխարհային ֆուտբոլի ամենալարված առճակատումներից մեկն այն բանից հետո, երբ այս զույգի հավերժ հետնապահ թվացող «Աթլետիկոն» երկրի 2013 թ. գավաթի խաղարկության եզրափակչում կամային հաղթանակ տարավ «արքայականի» նկատմամբ: Դրանից հետո եղան «սերուցքայինների» նաև այլ նվաստացումներ՝ երկրի առաջնություն, Իսպանիայի սուպերգավաթ, սակայն «արքայականը» դրանց դեմն առավ եվրոպական խաղարկություններում տոնած հաղթանակներով:
Չեմպիոնների լիգայի այս հերթականը «Ռեալի» համար եղավ եվրոպական ակումբային ֆուտբոլի թիվ մեկ խաղարկության լավագույն ավանդույթների շարունակությունը: Առաջին 15 րոպեներին Զիդանի սաները «Աթլետիկոյին» պարզապես բանտարկել էին նրա կիսադաշտում, ու որ հյուրերը գլուխները պրծացրին մեկ գոլ բաց թողնելով, արդեն իսկ հաջողություն էր, թեպետ խաղի ընթացքը ակնհայտ ցույց էր տալիս, որ «Ռեալից» պրծում չկա: «Արքայականը» գործում էր ֆանտաստիկ հզորությամբ, իսկ Ռոնալդուն պարզապես անկասելի էր: Վերջնահաշվում գրանցվեց 3:0 հաշիվ: Երեք գոլի հեղինակն էլ պորտուգալացին է, որը միանգամից մի քանի վիճակագրական տվյալների փոփոխության հեղինակ դարձավ: Այս խաղից հետո նա հատեց Չեմպիոնների լիգայի փլեյօֆյան փուլի 50 գոլի սահմանը (հանդիպման առաջին գոլը 50-րդն էր. ոչ մեկին չի հաջողվել ավելին անել), կիսաեզրափակչում խփած 13 գոլերով անցյալ դարձրեց լեգենդար դի Ստեֆանոյի ռեկորդը՝ 11, Չեմպիոնների լիգայում միակ մարդն է, որ հեղինակել է 103 գոլ և վերջապես ևս մեկ կարևոր բնագծի հիշատակում՝ «արքայականի» կազմում արձանագրեց իր 400-րդ գոլը:
«Ռեալն» իսկապես ապշեցուցիչ հզորության խաղ ցուցադրեց կողմերի առաջին հանդիպումում՝ խոշոր հարցականի տակ դնելով երկրորդ հանդիպման կարևորությունը, սակայն, որքան էլ համեմատությունը տեղին հնչի, թե չհնչի, նմանատիպ իրավիճակ էր և Չեմպիոնների լիգայի մեկ քառորդի «Պարի Սեն Ժերմեն»-«Բարսելոն» պատասխան խաղից առաջ: Չգիտեմ՝ «Աթլետիկոյի» երկրպագուների համար հուսադրող է հնչում, թե չէ, սակայն պիտի հղում անեմ Սիմեոնեին, որն ասել է. «Շարունակում եմ կարծել, որ մենք փուլն անցնելու հնարավորություն ունենք: Մեր անունն է «Աթլետիկո Մադրիդ», ու անհնար ոչինչ չկա»:


Պակաս լավատես չէ և «հնդիկների» կիսապաշտպան Կոկեն. «Մենք ուզում ենք լինել եզրափակչում և չենք դադարում դրան հավատալուց: …Ավելի վատ է կիսաեզրափակչում, քան եզրափակչում պարտվելը: Սակայն մենք կշարունակենք մարտնչելը: Սա ֆուտբոլ է, իսկ չէ՞ որ մենք մեր մարզադաշտում Ռոնալդուով «Ռեալին» 4:0 հաշվով մի անգամ հաղթել ենք»:
Ինչ խոսք, որ հակառակ կողմն էլ լավատեսության պակաս չունի ու շատ ավելի շահեկան վիճակում է: Սակայն, թերևս, սա էլ չէ գլխավորը: Կոնկրետ պարագայում հիմա ամենակարևորը «Ռեալի» ֆուտբոլիստներին մոտիվացնելն է, ու «արքայականի» ղեկավարությունը խոստացել է քառասուն միլիոն եվրո պարգևավճար, եթե թիմը նվաճի Չեմպիոնների լիգայի գավաթն ու երկրի չեմպիոնությունը: Սա չափազանց բարդ խնդիր է (թիմը վերջին անգամ նման հաջողության է հասել 1957-1958 մրցաշրջանում), բայց դե, կներեք, քառասուն միլիոնն էլ թիվ է, ու ղեկավարությունը հրաշալի հասկանում է` ինչ պայման է դնում: Դրա համար, անշուշտ, ոչ թե կարելի է, այլ անհրաժեշտ է խիզախել, մանավանդ որ ներքին առաջնությունում դիմացդ «Բարսելոն» չկա (նրա հետ հանդիպումը անհույս տանուլ է տրված) ու պակաս անցկացրած խաղի գործոնը կարելի է խաղարկել:


Հարկավ կլինեն մարդիկ, ովքեր կասեն՝ Իսպանիայի չեմպիոնական տիտղոսը Չեմպիոնների լիգայի գավաթից ավելի՞ մեծ կշիռ ունի: Շատն ու քիչը ես չեմ որոշողը, սակայն Իսպանիայում կա այսպիսի բանաձևում՝ դու ամեն ինչ չես, եթե չես հաղթել էլ կլասիկոյում: Սակայն, կարծես թե, մենք շատ առաջ ընկանք, մանավանդ որ «Աթլետիկոյի» հետ պատասխան խաղը կա՝ չհաշված, հաջողելու դեպքում, կարդիֆյան եզրափակիչը «Մոնակո»-«Յուվենտուս» զույգի հաղթողի հետ:
Պատասխան խաղում «Աթլետիկոն» կռիվ կտա ու, ամենայն հավանականությամբ, հաղթական ելքով (միջանկյալ նկատենք, որ սա թիմի վերջին եվրախաղարկությունը կլինի «Վիսենտե դե Կալդերոնում». ակումբը տեղափոխվում է նոր մարզադաշտ), սակայն հարց է առաջանում՝ հնարավոր այդ հաղթանակը բավարար կլինի՞ «Սանտյագո Բեռնաբեուում» կրած պարտությունը չեզոքացնելու համար:
Մենք հաճախ ենք նման դեպքերի համար բացատրություն գտնում՝ ասելով, որ սա ֆուտբոլ է, ու հնարավոր է ամեն ինչ: Իհարկե, ամեն ինչ էլ հնարավոր է, սակայն վախենամ` սա այն դեպքն է, երբ ամեն ինչ չէ, որ հնարավոր է: «Աթլետիկոյի» երկրպագու լինելու դեպքում հուսալու և հաղթելու խորհուրդ կտայի, սակայն, կներեք, մեր սիրտը վաղուց պատկանում է այլ թիմի, որքան էլ Դիեգո Սիմեոնեի մարզական տաղանդի նկատմամբ հարգանքը մեծ է:

«ՄՈՆԱԿՈ»-«ՅՈՒՎԵՆՏՈՒՍ»


Տասներեք տարվա ընդմիջումից հետո հայտնվելով Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում՝ «Մոնակոն» հյուրընկալեց «Յուվենտուսին»: Եթե այս տասներեք տարուց էլ հետ գնանք, ապա պիտի հիշենք ու հիշեցնենք, որ կողմերը Չեմպիոնների լիգայի ճիշտ այս փուլում հանդիպել են ուղիղ տասնինը տարի առաջ, ու ընդհանուր 6:4 հաշվով հաղթել է «Յուվենտուսը: Իսկ հիմա, պատմական այս փոքրիկ էքսկուրսից հետո, եկեք անցնենք մայիսերեքյան հանդիպմանը: Այն խոստանում էր հետաքրքիր լինել մի քանի տեսանկյունից: Շատ բաների կողքին մարզասերի համար բնավ էլ գաղտնիք չէր, որ մոնեգասկների երիտասարդ թիմն ունի գոլային անկուշտ ծարավով առանձնացող հրաշալի հարձակման գիծ իր տասնութամյա հայտնություն Կիլիամ Մբապեով, ով, ամենայն հավանականությամբ, կճանաչվի եվրոպական ընթացիկ ֆուտբոլային մրցաշրջանի թիվ մեկ երիտասարդ մարզիկ: Գաղտնիք չէր նաև, որ «ծեր սինյորան» ունի հազվագյուտ բալանսավորված պաշտպանական ու հարձակման գիծ՝ անխոցելի Բուֆոնով, ու բնականաբար ակնկալում էր կամ իրավունք ուներ ակնկալելու սուր հարձակողական ֆուտբոլ առաջին հերթին «Մոնակոյի» կատարմամբ, որովհետև փորձելով սեփական դաշտի առավելությունն օգտագործել, տանտերերն ամեն կերպ պիտի ձգտեին իրենց համար հնարավորինս խաղաղ կյանք ապահովել Թուրին մեկնելուց առաջ, որտեղ «Յուվենտուսն» առանձնապես անխոցելի է:


Համենայն դեպս, տրամաբանությունն այդ էր հուշում:
Մինչդեռ ի՞նչ ստացվեց: Ստացվեց այն, որ «Յուվենտուսի» ձեռնարկելիք քայլերի գուշակման սպասման մեջ «Մոնակոն» խաղում մեկնարկեց բոլորովին այլ կերպ ու միանգամայն արժանիորեն ստացավ քթին, իսկ երբ սթափվեց, արդեն բանը բանից անցած էր: Պատասխան խաղի ժամանակ «Մոնակոն», որ 2015 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր սեփական խաղադաշտից առանց գոլ խփելու չէր հեռացել (ի դեպ, այն ժամանակ էլ է պարտվել 0։2 հաշվով), իր երջանկությունը պիտի որոնի «ծեր սինյորայի» դարպասի մոտ՝ փորձելով չեզոքացնել սեփական հարկի տակ 0։2 հաշվով կրած պարտության դառնաղին, սակայն խոշոր հարց է՝ «Յուվեն» մոնեգասկներին կթողնի՞ այդքան մերձենալ իրեն ու արդյո՞ք նորից չի առաջնորդվի «լավագույն պաշտպանությունը հարձակումն է» սկզբունքով, որքան էլ ունի ապշեցուցիչ հզորության պաշտպանություն: Ի՞նչ եք կարծում՝ «Լուի 2-րդում» երկու գոլ հեղինակած Գոնսալո Իգուաինին պատասխան խաղից առաջ «ծեր սինյորան» հորենական տո՞ւն է ուղարկելու, թե՞ Պաուլո Դիբալային՝ նշանածի մոտ: Եվ, այսուհանդերձ, նկատենք, որ «Մոնակոյի» գլխավոր մարզիչ Ժարդիմը, խորապես գիտակցելով ստեղծված իրավիճակի ողջ բարդությունը, այնուամենայնիվ հաջորդ փուլ դուրս գալու հույսը չի կորցնում՝ համարելով, որ իր տղաները պատրաստ են խիզախման:


Ինչ խոսք, որ «Աթլետիկոյի» օրինակով «Մոնակոն» էլ պիտի ամեն կերպ ջանա ի նպաստ իրեն օգտագործել պատասխան խաղի գործոնը, սակայն ձեռքից բաց թողածը վերադարձնելու բավարար ուժ կունենա՞՝ սա է խնդիրը: Հիմա համամիտ կլինեք ինձ հետ, թե ոչ, սրտներովդ կլինի, թե չէ, ես ինձ պիտի իրավունք վերապահեմ՝ ասելով, որ կարդիֆյան եզրափակչում 99,9 տոկոսի հավանականությամբ ունենալու ենք «Ռեալ»-«Յուվենտուս» եզրափակիչ:

«ԱՅԱՔՍ»-«ԼԻՈՆ»


Այս դիմակայությունը, որ նույնպես կիսաեզրափակիչ հանդիպումների շարքից էր, Եվրոպայի լիգայի խաղարկությունից է: Խորապես կարելի է ցավակցել նրանց, ովքեր բաց են թողել այս մրցակցությունը վայելելու հաճույքը, որովհետև իսկապես բարձր որակի ֆուտբոլի շարքից էր:
Ինչ խոսք, որ մրցակցության բացահայտ ֆավորիտը «Լիոնն» էր, ու խոր համոզվածություն կար, որ այն Ամստերդամից կվերադառնա երկու դիմակայությունների ելքը միանգամից վճռած: Այս համոզվածությունը գալիս էր նրանից, որ երբեմնի հզոր հոլանդական ակումբը վաղուց վերածվել է տաղանդներ բուծող ու իսկույն ևեթ վաճառքի հանող ձեռնարկության, որքան էլ ֆուտբոլային ակումբի առնչությամբ ձեռնարկություն բառը կոպիտ է հնչում:
Առավելագույնը 20-22 տարեկաններով համալրված «Այաքսի» համեմատությամբ իր հերթին «Լիոնն» էլ պակաս երիտասարդական թիմ չէ, բայց դե մեջտեղը փորձառության խնդիր կա, որը ֆուտբոլում երկրորդական գործոն չէ:


Հանդիպումը ստացվեց գոլառատ, սուր հարձակողական ոճի, ու տպավորություն էր, որ կողմերը հեռավոր գաղափար ունեն պաշտպանության մասին: Այս հանդիպման ընթացքում տանտերերը դարձան չորս գոլի հեղինակ, ու եթե բախտը փոքր-ինչ ավելի բարեհաճ լիներ, այդ չորսը պիտի լիներ ոչ թե չորս, այլ երկու անգամ չորս: «Լիոնը» մրցակցին պատասխանեց ընդամենը մեկով, ինչը պատասխան խաղից առաջ լուրջ բարդություն է դառնալու նրա համար: Սակայն ամբողջ հարցն այն է, որ այս հանդիպման հաշիվը ոչ «Այաքսի» համար է երաշխավորված ելք գլխավոր եզրափակիչ, ոչ էլ «Լիոնի» համար է անհուսորեն կողպված դուռ: Մի խոսքով, սպասվում է չափազանց հետաքրքիր ու ինտրիգային երկրորդ հանդիպում, որտեղ կողմերը պարզապես քրքրելու են իրար:


Ի դեպ, այս խաղի առնչությամբ հետաքրքրական է ներկայանում «Այաքսի» գլխավոր մարզիչ Պետեր Վոսի կարծիքը. «Առաջին խաղակեսում մրցակիցը ավելի լավ էր խաղում, սակայն, չգիտես ինչու, գոլեր խփեցինք մենք: Երկրորդ կեսում մենք արդեն լավ էինք խաղում: Անհրաժեշտ պահերին մենք դիպուկ հարվածներ էինք հասցնում: Ինչու էր սկիզբը մեզ համար դժվա՞ր: Իհարկե կար լարվածություն: Տարօրինակ կլիներ, եթե այն չլիներ: Մենք գիտեինք, որ նրանք առաջ են շարժվելու, սակայն չափից ավելի էինք հուզվում ու թափթփված էինք խաղում: Օգնեցին խփած գոլերը»:
Իր թիմի խաղի առնչությամբ չափազանց դիպուկ էր և «Լիոնի» գլխավորը. «Հարկավոր է վերլուծել այս պարտությունը, որն ավելին էր, քան պարզապես պարտությունը: Հատկապես երկրորդ խաղակեսում: Դա հիասթափությունների երեկո էր: Ողջ թիմը դարպասապահ Լոպեշին թողել էր բախտի քմահաճույքին»:
Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչյան երկրորդ հանդիպումը երեկ էր, «Սելտայի» ու «Մանչեստր Յունայթեդի» մասնակցությամբ: Հաշվի առնելով այն, որ թերթը մինչև ընթերցողին հասնելը արդեն իսկ հայտնի կլինի դիմակայության արդյունքը, բնականաբար անիմաստ է որևէ բան ասելը, թեպետ հանդիպմանը անդրադարձ կունենանք մեր կայքէջում:
Թերևս` այսքանը:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1241

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ